«Ծառուկյան» դաշինքի ղեկավարը Կապանում քարոզարշավի ընթացքում սյունեցիներին խոստացավ իշխանության գալու դեպքում կարգավորել հանքարդյունաբերության ոլորտը, կանոնակարգել գերշահույթները, կրկնապատկել աշխատավարձերը: «Ապրիլի 2-ին մեզ տվեք 50 տոկոս պլյուս մեկ ձայն, որպեսզի մենք կարողանանք ձեզ վախեցնողներին գործից ազատել և ամենքին իր տեղը ցույց տալ»՝ կոչով սյունեցիներին դիմեց «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: Նա Կապանում ելույթի մեծ մասը նվիրեց քաղաքացիներին նախընտական շրջանում վախեցնելու, ահաբեկելու հարցերին: Դիմելով կապանցիներին, Ծառուկյանը կոչ արեց չվախենալ և ապրիլի 2-ին գիտակցել՝ որևէ մեկը չի կարող վերահսկել ընտրողի քվեն: «Մարդկանց ահաբեկելով, վախեցնելով, ասում են՝ գործից կազատեմ: Պետք է հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք: Նրանց վախը դա է: ՈՒզում ա մարզպետը լինի, քաղաքապետը լինի կամ կոմբինատի տնօրենը լինի, ամբողջը կախված ա ձեզնից: Ոչ մեկի հետ վատամարդ մի դառեք, գնում եք ընտրության ձեր խղճի առաջ, ում հավատում եք: Կարևորը՝ դուխներդ տեղը պահեք: Քամի են անում իրենց տեղը պահելու համար, միայն որ իրենց գործին մնան: Եթե բան փոխվեց, առաջինը իրենց դիմումի համաձայն են դուրս գալու»,- ասաց Ծառուկյանը:
Նա անդրադարձավ նաև հանքարդյունաբերությանը, նշելով, որ Սյունիքի մարզը գոյատևում է հենց այդ ոլորտի շնորհիվ, սակայն հավելեց՝ «Այդ գործարանները գերշահույթ են ունենում, որից շարքային սյունեցիները չեն օգտվում, անգամ նրանց աշխատավարձերը չեն բարձրացնում»: Նա խոստացավ իշխանության գալու դեպքում «համապատասխան օրենք մշակել», ինչը հնարավորություն կտա «գերշահույթների դեպքում» կրկնապատկել աշխատավարձերը: «Նավթ ու գազ չունենք, մոլիբդեն ու պղինձ ունենք: Բայց դրան հարկավոր ա հետևել, հնարավորություն տալ, օրենք փոխել, համակարգ փոխել: Այսօր մոլիբդենի կոմբինատի շահույթը կազմում է 20-30 տոկոս: Եթե ասենք թե՝ պղինձը ոչ թե 5600 դոլար ա եղել, այլ 10000 դոլար, ի՞նչ ա փոխվել ձեզ մոտ, ոչ մի բան: Բայց պետք է աշխատավարձն էլ փոխվեր, համապատասխան պետք է նայեին, օրենք փոխեին, որ դա պետական բյուջեինն ա, դա ժողովրդինն ա»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: